«Կոլեկցիոն 30 և 50» կոնյակների շնորհանդես

08 մայիսի, 2016

«Կոլեկցիոն 30 և 50» կոնյակների շնորհանդես

Մայիսի 7-ին Փարավոն հանգստի և ժամանցի համալիրում կայացավ Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի «Նոյ» ապրանքանիշի՝ հայկական կոնյակագործության ամբողջ պատմության մեջ իր տեսակով նախադեպը չունեցող, «կոլեկցիոն 30 և 50» կոնյակների շնորհանդեսը: Ինքնատիպ և շքեղ դիզայն, համի և բույրի կատարյալ ներդաշնակություն: Հայկական կոնյակագործության փառահեղ պատմությունն ամփոփող կոմբինատի նոր կոնյակները գերազանցում են նույնիսկ աշխարհում լավագույնը համարվող այլ կոնյակներին:

Շնորհանդեսին ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, աշխարհի տարբեր երկներից ժամանած 100-ավոր բարձրաստիճան հյուրեր, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, Հայաստանի և 30 տարբեր երկրների գործարար աշխարհի ներկայացուցիչներ, գործընկերներ և ոչ միայն: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր, Երևանի «Արարատ» կոնյակի-գինու- օղու կոմբինատի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, ով անցած տարիների ընթացքում կատարած ահռելի ներդրումների ու հսկայածավալ աշխատանքի շնորհիվ կարողացել էր ոտքի կանգնեցնել ավերակների վերածված գործարանն ու հզորացնել այն, ջանք չէր խնայել, որպեսզի հայկական լեգենդար կոնյակներին նվիրված շնորհանդեսն ամենաբարձր մակարդակով անցկացվեր:

Պատահական չէ, որ կոմբինատի նոր գլուխգործոցների առաջին շիշը բացելու պատիվը վերապահված էր հենց նրան: Շքեղ շոուծրագրի ժամանակ «Նոյ» ապրանքանիշի երկու տասնյակից ավել տեսականին ցուցադրեցին աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած տիտղոսակիր գեղեցկուհիները: Երեկոյի ընթացքում հյուրերի համար մեծ էկրանին ցուցադրվեց կոմբինատի հարուստ պատմության մասին պատմող ֆիլմը: Երեկոյի ընթացքում շնորհակալագրերով և մեդալներով պարգևատրվեցին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և Արարատ ԿԳՕ կոմբինատի գլխավոր տնօրենները և գլխավոր կոնյակագործը:

Երեկոյի հատուկ հյուրերի թվում էր նաև աշխարհահռչակ երաժիշտ Ինուսա Դավուդան, որն իր ռիթմիկ երգերով շնորհանդեսը վերածեց իսկական տոնի: Երեկոյի հետաքրքիր մասն էր կազմում նաև խաղարկությունը, որի ժամանակ ներկաներից մի քանիսը շահեցին «Նոյ» ապրանքանիշի արժեքավոր կոնյակներ: